Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան և հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ նրան դա անել չեն թույլատրել:
Մարդու իրավունքների պաշտպանին Ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ այդ անձը, Ոստիկանության ձևակերպմամբ՝ լինելով նշված քրեական գործով կարևոր ականատես-վկա և նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել Ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման առկայության մասին որոշում և այդ որոշման հիմքում դրել է իրավական դիրքորոշումները։
Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշմամբ Պաշտպանը վերահաստատել է իր եզրահանգումը և արձանագրել, որ վկայի կամ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:
Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված միջամտությունն իրավունքի խախտում է:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ կոնկրետ գործով Ոստիկանությունը վկային հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի պահանջը կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







