ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 7-ին, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։
«Դատական նիստն ավարտվեց։ Բավական մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավական խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը. ժամը դեռ հստակ չէ»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







