Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժները խստացնելու նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ և 8 ձեռնպահ ձայներով։
ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններով խստացվում է պատասխանատվությունը հատկապես համացանցի և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների վաճառքի համար․ նման եղանակով կատարված հանցագործությունը կհամարվի ծանրացնող հանգամանք։
Նախագծով նաև խստացվում է թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժը․ եթե գործող օրենսդրությամբ որոշ դեպքերում նախատեսվում էր ավելի մեղմ պատիժ, ապա այժմ թմրամիջոցների ապօրինի իրացման համար սահմանվում է 5-8 տարվա ազատազրկում, ծանրացնող հանգամանքների դեպքում՝ 8-12 տարի, իսկ անչափահասների ներգրավմամբ կամ առանձնապես ծանր դեպքերում՝ 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Խստացվում են նաև թմրամիջոցների օգտագործմանը դրդելու և ներգրավելու համար նախատեսված պատիժները․ պատժաչափերը հասնելու են մինչև 8 տարվա ազատազրկման։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը հատկապես համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։
Պատգամավորն օրինագիծը ներկայացրել էր դեռևս 2025 թվականին, որի ընթացքում՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցում, այն լրամշակվել էր։
Կարդացեք նաև՝
Թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելի շատ համացանցային տիրույթում են գրանցվում. Արփինե Սարգսյան






































