ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 2013-2021 թվականներին ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ պաշտոնյան իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով ներգրավված էր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ այդ կազմակերպությանը տրամադրելով արտոնություններ և առավելություններ։
Մասնավորապես, պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականը նախկին տնօրենը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կազմակերպել է իր մտերիմ անձանց պատկանող սրճարան-ռեստորանի ջեռուցումը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերը՝ նույն օբյեկտի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարումը։
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասին (Պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը, պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։




































