Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը, հայտնել են Armenia Today-ի աղբյուրները։ Դատական նիստը տևել է ավելի քան 14 ժամ։
Ավելի ուշ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կարապետյանը վաղը՝ հունվարի 18-ին, տանը կլինի։
Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն իր հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ դատարանի արձանագրմամբ՝ Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ Վերաքննիչ քրեական դատարանը դա ցանկացել է։
Վարդևանյանը նաև մանրամասներ է ներկայացրել Կարապետյանին բժշկական կենտրոնից կալանավայր տեղափոխելու գործընթացից։ Ըստ նրա՝ ոստիկանության ավելի քան 10 ծառայող մուտք է գործել հիվանդանոց՝ Կարապետյանին անհապաղ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։
«Կարապետյանն այդ պահին ստացիոնար բուժում և ներերակային ներարկում էր ստանում։ Տեսնելով իրավիճակը՝ Կարապետյանն ինքն է արձագանքել՝ ասելով «գնացինք»»,- պատմել է Վարդևանյանը։
2025 թվականի հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Հակակառուպցիոն դատարանը հունվարի 16-ին սկսել էր քննել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը, ինչին նախորդել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ կապված գործարարի տնային կալանքի հարցով վարույթ հարուցելու հետ։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի։


































