Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին պաշտոնից ազատվել է Սահմանադրական կարգի, պետության և հասարակական անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը, տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։
Ըստ հրամանի՝ Բաղդասարյանն աշխատանքից հեռացել է սեփական դիմումի հիման վրա։
Բաղդասարյանը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պետական մեղադրողն էր։ Հենց նա էր անցած տարվա սեպտեմբերին պահանջել հոգևորականի կալանքը երկու տարի վեց ամսով՝ իշխանությունը զավթելու կոչ անելու համար, սակայն նրան դատապարտել էին 2 տարվա ազատազրկման։
Բացի այդ, համակարգից հեռացել է նաև դատախազ Արմեն Բեգլարյանը։ Վերջինս ներգրավված էր աղմկահարույց գործում, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով մահացել էր Սոնա Մնացականյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասել է, որ ենթադրում է՝ դատախազները որևէ պահից այլևս չեն կարողանում կեղծել։ Ըստ նրա՝ դատախազները չեն դիմանում ոչ միայն իշխանությունների կողմից ճնշմանը, այլև հանրային պարսավանքից են խուսափում։
«Ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը հրահանգ չի իջեցվի, և այդ մարդիկ աշխատանքից չեն ազատվի։ Ազատելն էլ չի երաշխավորում, որ պատասխանատվության չեն ենթարկվի ապօրինությունների համար»,- նշել է պատգամավորը։






































