Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը,
տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ՝ արդեն իսկ 33 բեռնատար հատել է սահմանը։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում:
Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
Հունիսի 4-ին Պապոյանը հայտնել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի Հայաստան այցի մասին՝ իրավիճակը քննարկելու համար: Հունիսի 7-ին վրացի նախարարի այցը չեղարկվել էր։
Հունիսի 18-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ վրացական կողմը որոշակի կասկածներ էր հայտնել, որ այդ մեքենաների կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել։ Պապոյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է, որ եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա համատեղ վերցնեն նմուշ, ուղարկեն որևէ եվրոպական լաբորատորիա, այնտեղ փորձաքննություն իրականացվի։