Երևանում բացվող Tashir Arena-ն կրթական առաքելությամբ կստեղծի միջավայր նոր սերնդի կրկեսի արտիստների զարգացման համար, News.am-ի հետ հարցազրույցում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ նախագծի հիմնական ուղղություններից մեկն արտիստների նոր սերունդ դաստիարակելն է, նրանց փոխանցել փորձ և ձևավորել ապագա վարպետներին։
«Այս բեմն ստեղծվել է նրանց համար․ նրանք այժմ ունեն մի վայր, որտեղ կձգտեն հանդես գալ, կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու տաղանդը՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում ենք, որ երիտասարդ արտիստներն զգան՝ իրենց երկրում ունեն համաշխարհային մակարդակի բեմ»,- հավելել է Կարապետյանը։
Նա նշել է, որ կրթական առաքելության իրականացման համար կլինեն կրթաթոշակային ծրագրեր, կրթական նախաձեռնություններ, ռեզիդենցիաներ և համագործակցություններ միջազգային կրկեսային դպրոցների հետ։ Նրա խոսքով՝ հարթակը նաև հիմք կհանդիսանա արտասահմանյան թատերախմբերի և համաշխարհային աստղերի հյուրախաղերի համար, ինչը թույլ կտա երիտասարդ արտիստներին ձեռք բերել գործնական փորձ և աշխատել համատեղ արտադրություններում:
«Հայկական կրկեսային դպրոցն ունի խոր արմատներ, և մենք ցանկանում ենք նրան նոր շունչ հաղորդել»,- ընդգծել է Կարապետյանը։
Նոր համալիրը կառուցվել է հին Երևանի կրկեսի տեղում, որի շենքը, Կարապետյանի խոսքով, վթարային վիճակի պատճառով վերակառուցման ենթակա չէր: Նրա խոսքով՝ այսօր կրկեսը լիարժեք տեխնոլոգիական ներկայացում է՝ էֆեկտներով լի շոու, որտեղ միավորվում են ակրոբատիկան, խորեոգրաֆիան, մուլտիմեդիան, լուսաձայնային լուծումները։ Նա հավելել է, որ Arena-ի ստեղծման համար համագործակցել են մասնագետների հետ, որոնք աշխատում են աշխարհի ամենամեծ բեմերում՝ Լաս Վեգասից մինչև Տոկիո։
Կարապետյանի խոսքով՝ Tashir Arena-ի ստեղծման ոգեշնչման աղբյուրներից մեկը Luminar նախագիծն է, որը բացվել էր 2023 թվականին։ Այն իմերսիվ արվեստի տարածք է, որտեղ միավորվում են ինտերակտիվը, ժամանակակից տեսաձայնային թվային տեխնոլոգիաները, իսկ գործողության գլխավոր դերակատարը դառնում է հենց հանդիսատեսը։
«Luminar-ը ցույց տվեց, թե որքան հզոր կարող է լինել ինտերակտիվի ու պրոյեկցիոն տեխնոլոգիաների համադրությունը, երբ հանդիսատեսը լիովին ընկղմվում է գործողության մեջ։ Հուսով եմ՝ հաջորդ իմերսիվ կենտրոնը կբացենք Հայաստանում»,- շեշտել է նա։
Խոսելով Eternia շոուից՝ նա նշել է, որ երաժշտության և աուդիո էֆեկտների ուղղությամբ խորհրդատվություն է տրամադրել Հանս Ցիմմերի ձայնային ռեժիսորը՝ մարդ, որ գիտի, թե ինչպես ձայնը հասցնել մինչև հանդիսատեսի յուրաքանչյուր մասնիկը՝ դահլիճի ցանկացած կետում։ Մուլտիմեդիա լուծումների համար համագործակցել են ճապոնական Panasonic կորպորացիայի հետ, որի հետ Երևանում, Կարապետյանի խոսքով, հաջողվել է ստեղծել այս պահին աշխարհի լավագույն մուլտիմեդիոն ինստալյացիաներից մեկը։
Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային կենտրոնը՝ Tashir Arena-ն, հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի հանդիսատեսի առջև։ Կցուցադրվի Eternia շոուն՝ չորս նովելայից բաղկացած պատմությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարդացեք նաև`






































