Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային կենտրոնը՝ Tashir Arena-ն, հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջև, նախագծի մեկնարկին նվիրված ուղերձում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 24-ին, կկայանա նախադիտման հատուկ ցուցադրություն, ապա հանդիսավոր բացումը։ Նախագծի բացմանը նվիրված մամուլի ասուլիսն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:
Նախագծի գործադիր տնօրեն Կարինա Աղաջանովան հայտնել է, որ Tashir Arena-ի ընդհանուր ներդրումը կազմել է մոտավորապես 55 մլն դոլար։ Arena-ի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովն էլ մանրամասնել է, որ Երևանի կրկեսը կարող է տեղավորել մինչև 2000 հանդիսատես՝ կախված նստատեղերի դասավորությունից։ Նա հավելել է, որ վերափոխվող բեմ-մանեժը կարող է շրջվել 360 աստիճանով կամ կիսով չափ՝ հատուկ ներկայացումների և թատերական ձևաչափերի համար։

Նախագծի բացումը կկայանա Eternia թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմ։
Շոուի ռեժիսորական-բեմադրական խմբի և Meduse պրոդյուսերական ընկերության գլխավոր պրոդյուսեր Ալյոնա Կոզինայի խոսքով՝ բացման շոուն անվանվել է Eternia, քանի որ այն հիմնված է չորս հիմնական տարրերը միավորող գաղափարի վրա։

«Ըստ բեմադրության՝ մեր հերոսը պետք է անցնի այդ չորս տարրերով՝ հող, օդ, ջուր, կրակ և հասնի դրանց միացնող եթերային կարգավիճակին։ Այդ ամենը պետք է ցույց տա նրա զարգացման ընթացքը և մարմնավորի այս փիլիսոփայական գաղափարը, որից ոգեշնչվել է շոուի անվանումը»,- ասել է նա։
Բազմագործիքային երաժիշտ, նվագակցության մշակող և կոմպոզիտոր Վալերի Տոլստովը նշել է, որ ներկայացման երաժշտական նվագակցությունը ներառում է հայկական ազգային երաժշտության տարրեր։ Իսկ շոուի ռեժիսոր-բեմադրիչ Պավել Բրյունը հայտնել է, որ հիացած է Հայաստանի մշակույթով ու պատմությամբ։

Բրյունը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, ընդգծել է, որ երեխաներին ևս հետաքրքիր կլինի, քանի որ նրանց հետ խոսում են որպես չափահասների։
«Մենք չենք մոռանում, որ ոչ վաղ անցյալում կամ ինչ-որ մեկն էլ վաղուց երեխա է եղել, և փորձում ենք մեր բեմադրության միջոցով արթնացնել մեր ներսի երեխային»,- ասել է Բրյունը։

Ներկայացման մեջ ներգրավված է ավելի քան 100 արտիստ՝ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Ասիայից։ Ըստ կազմակերպիչների՝ բոլոր մասնակիցները բազմափուլ դերասանական լսումներ են անցել, մասնագիտական պատրաստություն ստացել և մասնակցել երկարատև փորձերի, որոնց շնորհիվ բարձր կատարողական որակ և գեղարվեստական գաղափարի ամբողջական իրականացում է ապահովվել։
Օգոստոսի 18-ին Tashir Arena-ում տեղի էր ունեցել «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որը կազմակերպել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։ Նա իր 60-ամյակը նվիրել էր երեխաներին։






































