Ֆրանսիացի քննիչները հայտնաբերել են Պիեռ Օգյուստ Ռենուարի երկու կտավ՝ ընդհանուր մոտ 4,2 մլն եվրո արժողությամբ, որոնք գողացվել էին Կան-սյուր-Մերում գտնվող նկարչի թանգարանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Մարսելի դատախազ Նիկոլա Բեսոնին։
«Տիկին Կոլոննա Ռոմանոյի դիմանկարը» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ» կտավները գողացվել էին սեպտեմբերի 8-ին։ Գրեթե մեկ ամիս անց դրանք հայտնաբերվել են բնակելի տներից մեկում՝ կեղծ պատի հետևում։ Երկու աշխատանքն էլ վնասված է և վերականգնման կարիք ունի․ դիմանկարի վրա պատռվածք է հայտնաբերվել։
Գողությունը բացահայտելուն օգնել են ԴՆԹ-ի հետքերը պաշտպանիչ պատյանի վրա, որը հանցագործները թողել էին փախչելիս, գրում է Associated Press-ը։ Դրանք համընկել են մի տղամարդու ԴՆԹ-ի հետ, որի ավտոմեքենային ոստիկանությունն արդեն հետևում էր մեկ այլ քննության շրջանակում։ Մեքենայի տեղաշարժերի տվյալները քննիչներին հասցրել են այն տունը, որտեղ թաքցված էին կտավները։
Մեղադրանք է առաջադրվել չորս տղամարդու։ Գողության ենթադրյալ երկու կատարող կալանավորվել է, ևս երկուսը դատական հսկողության ներքո են։ Ձերբակալություններն արագացվել են, երբ կասկածյալներից մեկն այցելել էր Սեն-Պոլ-դը-Վանսում գտնվող Մեգ հիմնադրամի արվեստի հավաքածուն։ Քննությունը կասկածել էր, որ նոր կողոպուտ է նախապատրաստվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







