Հայ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը դարձել է InterContinental Music Awards 2026 միջազգային մրցույթի «Լավագույն գործիքային կատարող» անվանակարգի հաղթողներից մեկը, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Գևորգյանը մրցույթում ներկայացրել է 18-րդ դարի հայ աշուղ Սայաթ-Նովայի Eshxemed ստեղծագործության իր կատարումը։ Մրցույթի պաշտոնական ցուցակում նա ներկայացված է Հայաստանի անունից։
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 3500 երաժիշտ՝ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Գևորգյանը Հայաստանից «Լավագույն երաժիշտ» անվանակարգի եզրափակիչ անցած միակ մասնակիցն էր։ Հաղթողների անունները հայտարարվել էին օգոստոսի 23-ին կայացած առցանց մրցանակաբաշխության ժամանակ։
Գևորգյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Նա Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» հին երաժշտության համույթի մենակատար է։
InterContinental Music Awards-ը Լոս Անջելեսում գործող միջազգային երաժշտական մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է 2011 թվականից։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ երաժիշտներ՝ ներկայացնելով հեղինակային ստեղծագործություններ կամ կատարումներ։ Աշխատանքները գնահատվում են նորարարության, ստեղծագործության կառուցվածքի, կատարման և ձայնագրության որակի, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունների հիման վրա։
Կազմակերպիչների տվյալներով՝ տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են ավելի քան 70 երկրի ներկայացուցիչներ։
2020 թվականին քանոնահարուհին արժանացել էր World Folk Vision միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







