ՀՀ կառավարությունն oգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել լրացուցիչ 23,2 մլն դրամ (մոտ 60 000 դոլար) հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի այս տարվա երրորդ համերգն անցկացնելու համար։ Նիստի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 29-ին։ Համերգային ծրագրին կմասնակցեն Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը, Աթենա Մանուկյանը, Էմմին, Սիմոնը, Պարգը, Սրբուկը, Արծվիկը և պարային խմբեր։ Կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 10 000 հանդիսատեսի ներկայություն։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացրած նախահաշվով՝ Ճամբարակում միջոցառման իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 51,2 մլն դրամ (շուրջ 132 000 դոլար)։ Ծրագրի բյուջեում առկա է եղել 28,1 մլն դրամի (72,500 դոլար) մնացորդ, ինչի պատճառով պահանջվել է լրացուցիչ 23,2 մլն դրամի հատկացում։
2026 թվականին «Ֆեստիվառի» շրջանակում արդեն անցկացվել է երկու համերգ՝ Թալինում և Գորիսում։
Փառատոնն իրականացվում է 2023 թվականից։ Համերգներից բացի, ծրագիրը ներառում է տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառքներ և նպատակ ունի զարգացնել մշակութային զբոսաշրջությունն ու ակտիվացնել մարզային տնտեսությունը։
Կառավարության տվյալներով՝ փառատոնի միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է շուրջ 50 000, 2024-ին՝ 57 000, իսկ 2025-ին՝ 55 000 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







