12 երկրների զինվորականներ ժամանել են Ռուսաստան՝ մասնակցելու Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: Այս մասին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում հայտնել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, ով հրամանատարելու է զորահանդեսը, փոխանվում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զորահանդեսին կմասնակցեն Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից ժամանած զինվորականներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ որոշում էր կայացրել հետաձգել հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի անցկացումը բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով: Ռուսաստանի քաղաքներում մայիսի 9-ին տեղի են ունեցել ավիարշավներ և տոնական հրավառություններ: Մայիսի վերջին Երկրի ղեկավարը հայտարարել էր, որ հաղթանակի զորահանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին:
Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին կմասնակցեն ավելի քան 13 հազար զինվորականներ, գործի կդրվեն 234 միավոր ժամանակակից և պատմական ցամաքային ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Տերմինատոր։ տանկերի աջակցման նորագույն մարտական մեքենաներ, «Կոալիցիա-ՍՎ» և «Մստա-ՍՄ» ինքնագնաց հաուբիցներ, «Տ-90Մ» և «Արմատա» տանկեր, «Բուկ-Մ3», «Տոր-Մ2», Ս-400 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև 75 ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Հանդիսատեսը նաև կտեսնի Պատմական շքերթի որոշ տարրեր 1945 թվականի հունիսի 24-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբն օրեր առաջ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված կայանալիք զորահանդեսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







