«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հայտարարել են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին։ Շարժման անդամների ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Շարժման անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ ստորագրահավաքի արդյունքներով սակագնի նվազեցման պահանջով հանրագիր են ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Մելոյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու մասնակցել հանրագրի ստորագրմանը։
Ստորագրողները պահանջելու են հնարավորինս սեղմ ժամկետում նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Հանրագրի պահանջի հիմքում հաշվի են առել ընկերությունում խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Շարժման համակարգող խմբի անդամ Արթուր Միքայելյանը նշել է, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ այդ հաշվեկշիռն ավելացել է՝ կազմելով շուրջ 6 մլրդ դրամ։ Տնտեսված միջոցներն առաջարկել են ուղղել սպառողների, այդ թվում՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար սակագների նվազեցմանը:
Միքայելյանի հաշվարկով՝ 6 մլրդ դրական հաշվեկշռի դեպքում սակագինը կարող է նվազել մոտ 3 դրամով։ Մելոյանը հավելել է, որ հանձնաժողովը դեռ չի պատասխանել սակագնի նվազեցման մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր հանդիսացող «Տաշիր կապիտալ»-ի երկրորդ դիմումին, ինչը ստորագրահավաքի առիթ է դարձել։
Մելոյանը հիշեցրել է, որ դեռ մայիսին ՀԷՑ-ի սեփականատերերը դիմում էին ներկայացրել հանձնաժողով՝ խնդրելով նվազեցնել սակագինը մոտ 3 մլրդ դրամ խնայողության հաշվին, որը մերժել էին։ Նա հավելել է, որ հանձնաժողովը մերժել էր դիմումը՝ դրական հաշվեկշռի նվազման հնարավորության հիմքով։
«Սակայն կուտակված գումարը ոչ միայն չի նվազել, այլև գերազանցել էր կրկնապատկումը՝ այս պահի դրությամբ հասնելով 6 մլրդ դրամի»,- ընդգծել է նա։
Մելոյանը նշել է, որ հանրագիրը Սահմանադրությամբ ամրագրված հանրային վերահսկողության ու ժողովրդավարական կարևոր ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերող հարցերով պետական մարմիններին դիմումներ ու պահանջներ ներկայացնել։
«Ի դեմս հանրագրի՝ ունենք գործիքակազմ, և պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել մեր երկրի բնակիչների շահերով»,- շեշտել է Մելոյանը։
Նա հավելել է, որ ստորագրման մեխանիզմը հրապարակվելու է շարժման պաշտոնական էջում, այնուհետ մարզային գրասենյակները կմեկնարկեն ստորագրահավաք։ Մելոյանի խոսքով՝ ընթացակարգն առավելագույնս պարզեցված ու թափանցիկ է լինելու. տվյալները լրացվելու են թղթի վրա, որից հետո շարժումը կհամատեղի դրանք և կուղարկի լիազոր մարմնին:
Armenia Today-ի հարցին՝ կա՞ արդյոք իրավական գործընթաց ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցով, Մելոյանը նշել է, որ այս մասին ավելի մանրամասն կներկայացնեն հարցով զբաղվող փաստաբանները։ Այդուհանդերձ, նա գործընթացը ծայրահեղ անընդունելի ու իրավական տեսանկյունից խնդրահարույց է անվանել՝ հաշվի առնելով, որ զուգահեռ 2 գործընթաց կա․ առաջինը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի դիմումը, մյուսը՝ Սահմանադրական դատարանում վարույթ ընդունված գործը՝ ՀԷՑ-ը պետության վերահսկողությն տակ վերցնելու օրենքների մասով։
«ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելն իրավական առումով խնդիրներ ունի և այլ գնահատականի կարժանանա։ Այն այնքան քաղաքականացված ու իրավական առումով խութեր ու խնդիրներ ունի, որ տարբեր հարթակներում վերջնական այլ գնահատական է ստանալու»,- եզրափակել է նա։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով: Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ընկերության լիցենզիան։
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ



































