Կալանավորված արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդից պահանջել են դադարեցնել 10 եպիսկոպոսի պաշտոնավարումը՝ որպես թեմակալ, ասված է նրանց հայտարարության մեջ, որ տարածել է Շիրակի թեմը:
Նրանք արձագանքել են 10 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների երկրորդ հայտարարությանը և նրանց քայլերը որակել «դավաճանություն» ու «ուխտադրժություն»:
«Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլևս չեն ցանկանում մաս կազմել մեր եղբայրության, ուստի ճանաչում ենք իրենց խորթ և օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել, ինչը բազմիցս ապացուցել ենք գործով և խոսքով»,- ասված է արքեպիսկոպոսների հայտարարության մեջ։
Նրանք դիմել են վեհափառին՝ պահանջելով դադարեցնել նշված առաջնորդների պաշտոնավարումը, նշանակել նոր առաջնորդներ և գումարել Եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով նաև իրենց մասնակցությունը։
Հայտարարությունում սրբազանները պնդում են, որ 10 եպիսկոպոսները «գաղտագողի ու դավադրաբար» են գործել։ Նրանք ընդգծել են, որ ստեղծված իրավիճակը հայ եկեղեցում աննախադեպ է վերջին 200 տարում։
Սրբազանները կոչ են արել տվյալ թեմերի քահանաներին «չենթարկվել հերձվածող առաջնորդներին» և անմիջապես հաստատել հավատարմությունը կաթողիկոսին։ Նրանց խոսքով՝ դիմակայության այս փուլը «փորձության ժամ» է Հայ Առաքելական եկեղեցու համար։
Նոյեմբերի 30-ին Աջապահյանը և Գալստանյանը հայտարարությամբ դատապարտել էին 10 եկեղեցականի, ովքեր պահանջել էին Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նրանց նամակին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին դատապարտող հայտարարություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Գալստանյանը կալանավորվել էր հունիսին՝ «ահաբեկչության» և «իշխանությունը զավթելու փորձի» մեղադրանքներով, իսկ Աջապահյանը՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար՝ կրկին հունիսին։




































