Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ դատապարտել են 10 եկեղեցականի, ովքեր պահանջել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։ Հանդիպմանը մասնակցած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները նոյեմբերի 29-ին կոչ էին արել Գարեգին Երկրորդին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Կալանավորված արքեպիսկոպոսները կաթողիկոսին աջակցություն են հայտնել, իսկ վեհափառի հրաժարականը պահանջողներին անվանել «հուդաներ», ովքեր փորձում են պառակտել եկեղեցին։
«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը. դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով, դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին, մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Արքեպիսկոպոսները, դիմելով վեհափառին, նշել են, որ անհրաժեշտ է հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ քննարկելու առկա հարցերը և պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:
Նրանք ընդգծել են այդ ժողովին իրենց և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Արքեպիսկոպոսները հույս են հայտնել, որ վեհափառն «ամուր և անսասան կմնա» և Սուրբ Հոգու առաջնորդությամբ Հայ Առաքելական եկեղեցին «կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»:
Գալստանյանը կալանավորվել էր հունիսին՝ «ահաբեկչության» և «իշխանությունը զավթելու փորձի» մեղադրանքներով, իսկ Աջապահյանը՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար՝ կրկին հունիսին։ Պռոշյանը կալանավորվել էր հոկտեմբերին՝ ընդդիմության հանրահավաքներին հարկադրաբար մասնակցելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։






































