Թայլանդի հարավում ջրհեղեղի հետևանքով երկուշաբթի կեսգիշերից սկսվել է քաղաքի բնակչության և զբոսաշրջիկների լիակատար տարհանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ջրի մակարդակը քաղաքի տարբեր հատվածներում հասել է 1,5-3 մետրի։ Կենտրոնական հատվածում բազմաթիվ շենքերի առաջին հարկեր ամբողջությամբ լցվել են ջրով, իսկ փրկարարական խմբերը չեն հասցնում դուրս բերել բոլոր բնակիչներին։ Շատերը շարունակում են սպասել օգնության՝ բարձր հարթակներում կամ շենքերի վերին հարկերում։
Տարհանման աշխատանքներին միացել են Թաիլանդի ցամաքային զորքերը և ռազմածովային ուժերը, որոնք փրկարարների հետ միասին աշխատում են փչովի նավերով և հատուկ տեխնիկայով։
Չափազանց լուրջ իրավիճակ է ստեղծվել ամբողջ Հարավային Թաիլանդում․ վերջին օրերին տարածաշրջանը ողողած աննախադեպ ուժգնության ու տևողության անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել մի շարք պրովինցիաներում, այդ թվում՝ Մալայզիայի սահմանամերձ շրջաններում։ Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղից տուժել է ավելի քան երկու միլիոն մարդ, սակայն ամենածանր իրավիճակը Հատ Յայ քաղաքում է, որտեղ, ըստ արտակարգ ծառայությունների, մոտ 250 հազար ընտանիք հայտնվել է աղետի մեջ։
Քաղաքի այն հատվածներում, որտեղ ջուրը հասնում է շուրջ 1,5 մետրի, տարհանումն իրականացվում է բարձր անցանելիությամբ զինվորական բեռնատարներով, ինչը արագացնում է գործընթացը։ Միևնույն ժամանակ՝ իշխանությունները հայտնում են, որ մինչև օրվա վերջ տարհանմանը կարող են միանալ նաև Թաիլանդի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, որոնք շարժվում են դեպի աղետի գոտի։
Աղետից տուժողների շարքում կան նաև զբոսաշրջիկներ։ Քաղաքից արդեն տարհանվել է ավելի քան հազար զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Մալայզիայի քաղաքացիներ են։ Անձրևները Հարավային Թաիլանդում սկսվել էին նախորդ շաբաթավերջից, իսկ կիրակի և երկուշաբթի օրերին ջրի մակարդակը Հատ Յայում և հարակից շրջաններում կտրուկ բարձրացել է ևս 1-2 մետրով՝ սրելով արդեն իսկ ծանր իրավիճակը։
Նոյեմբերի 12-ին Թայվանում թայֆունի պատճառով ավելի քան 50 մարդ էր տուժել։ Վիետնամում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել էր 55-ի, 13 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։






































