Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։ Նիստը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
ՀԾԿՀ 5 անդամից որոշմանը դեմ է քվեարկել միայն Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արա Նռանյանը։ Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու գործընթացը կարող է իրավական ռիսկերի հանգեցնել։ Նրա խոսքով՝ Սահմանադրական և Վարչական դատարաններում կան գործեր, որոնք ուղղակիորեն ազդեցություն են ունենալու լիցենզիայից զրկելու գործընթացի վրա։
«Եթե Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 16-ին հակասահմանադրական ճանաչի օրենսդրական փոփոխությունները («Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք-խմբ), այս ամբողջ գործընթացը կարող է հակասահմանադրական դառնալ»,- հայտարարել է Նռանյանը։
Հանձնաժողովի անդամը նշել է, որ գործընթացը հակաօրինական ճանաչելու հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցի պատասխանը չի ստացել: Նա ընդգծել է, որ որոշումը ֆինանսական և սոցիալական լուրջ հետևանքներ ունի։
«Մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում։ Բավականին շատ խնդիրներ կան ու ասել, թե այդ ամենը մեզ չի հետաքրքրում, ճիշտ չէ»,- շեշտել է Նռանյանը։
Ավելի ուշ ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանն Armenia Today-ին հայտնել է, որ առաջիկա 3 ամիսներին Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի պաշտոնավորել որպես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնակատար։
ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումից առաջ տեղի ունեցած քննարկմանը հայտարարել էր, որ «Տաշիր» խմբի կառավարման շրջանում ընկերությունում առկա ճգնաժամի և հավելագրումների մասին իշխանությունների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են այն հարցում, թե ՀԷՑ-ն այնպիսի ճգնաժամում է, որ անհրաժեշտ է պետության կառավարումը։ Ձեզ խաբել են, որ ՀԷՑ-ում մասսայական ու համակարգային հավելագրումներ են կատարվել։ Ձեզ խաբել են երկու պատճառով՝ որ Սամվել Կարապետյանին (ՀԷՑ-ի սեփականատեր-խմբ․) բերեն բանակցությունների, երկրորդը՝ փորձելով ներկայացնել այնպես, թե ՀԷՑ-ը, լինելով Կարապետյանինը, ծառայել է քաղաքական նպատակներին, բայց հիմա իրենք են նույն նպատակով ուզում ծառայեցնել ընկերությունը»,- նկատել է նա։
Այս համատեքստում Ղազինյանը հիշեցրել է Վաղարշապատի ընտրությունների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումները։
Ղազինյանը հավելել է, որ հանրությունն ու ՀԷՑ-ի նախկին տնօրինությունն այդպես էլ չի ստացել հարցի պատասխանը, թե ՀԷՑ-ի ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ սա հիմք է պնդելու, որ ՀԷՑ-ում ի սկզբանե ճգնաժամ չկար։
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները նիստի ընթացքում հայտարարել են, որ ընկերությանը լիցենզիայից զրկելու նախագիծը հիմնազուրկ է։ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը ՀԾԿՀ անդամներին ընկերությանը լցենզիայից զրկելու որոշումից առաջ հիշեցրել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասին։
Նրա խոսքով՝ այդ որոշմամբ պետությանը, տվյալ դեպքում՝ ՀԾԿՀ-ին, պարտավորեցրել են ՀԷՑ-ին չզրկել լիցենզիայից։ Օրբելյանն ընդգծել է, որ արբիտրաժի որոշումը պարտադիր է ՀՀ-ի կատարման համար։ Հաշվի առնելով նշվածը՝ նա խնդրել է կարճել վարույթը կամ ներդնել այլ ընթացակարգեր։
«Դա հնարավորություն կտա ՀՀ-ին խուսափել պատասխանատվությունից՝ բազմահարյուր միլիոնանոց պարտավորությունների տակ ընկնելու տեսքով»,- հայտարարել է փաստաբանը։
ՀԾԿՀ-ից, սակայն, հակադարձել են ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների հիմնավորումներին։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ առաջիկա 3 ամիսներին պետությունը ՀԷՑ-ի սեփանատիրոջ կամ ընկերության տնօրենների խորհրդի հետ կբանակցի ՀԷՑ-ի գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։
«Այսօրվա որորշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ-ի լիցենզիան, բայց դրան պետք է հաջորդեն գործընթացներ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ընթացք կլինի»,- նշել է Մեսրոպյանը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Նոյեմբերի 10-ին ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագիծ էր հրապարակել, որի քննարկումն սկսել էր նոյեմբերի 13-ին։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան



































