Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում Global Firepower ռազմական հզորության գլոբալ ինդեքսում՝ ստանալով 2,0373 ինտեգրալ ցուցանիշ (որքան մոտ է զրոյին, այնքան բարձր է գնահատականը):
Վարկանիշում ընդգրկված է 145 պետություն, և որպես մեթոդաբանություն՝ ի մի է բերվել շուրջ 60 պարամետր՝ բանակի և պահեստազորի թվաքանակը, տեխնիկայի ծավալները, պաշտպանական բյուջեի վիճակը, ռեսուրսների հասանելիությունը, ինչպես նաև լոգիստիկ ու աշխարհառազմավարական գործոնների լայն փաթեթը:
Վերջնական գնահատականն արտացոլում է ոչ միայն զինծառայողների թիվը, այլ ընդհանուր ներուժը՝ նավատորմից և ավիացիայից մինչև մատակարարման ենթակառուցվածքներ և ռեսուրսներ, ինչպիսիք են նավթը կամ ածուխը:
Տարածաշրջանում Հայաստանը գտնվում է Վրաստանի ու Ադրբեջանի միջև. Վրաստանն զբաղեցնում է 94-րդ տեղը (2,0695), Ադրբեջանը՝ 60-րդ (1,2531): Զգալիորեն ավելի բարձր են Իրանը (16-րդ տեղ՝ 0,3048) և Թուրքիան (9-րդ տեղ՝ 0,1902)։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ռեկորդային 0,0744 ցուցանիշով, որին հաջորդում են Ռուսաստանը (0,0788), Չինաստանը (0,0788), Հնդկաստանը (0,1184) և Հարավային Կորեան (0,1656):





































