Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա տեղեկացրել է, որ բաց նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
«Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է, սակայն բժշկական տեղեկանքը կներկայացվի Ձեզ»,- գրել է պաշտպանը։
Հա հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս չի արձագանքել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ միասին, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում, և դիմումը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
Դատարանը Կոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ Ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը: Կոչուբաևը, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին անվանել էր «հոգին սատանային վաճառած» և «շան տղա»:
Համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ փաստաբանին գետնին էին տապալել դիմակավորված ուժայինները՝ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների գործով դատական նիստից հետո: Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել էին նրա գործընկերներ Վարազդատ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը:






































