ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ երկրորդ անգամ Հովհաննավանքում կմասնակցի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի պատարագին։ Այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցերում։
Տեսաուղերձում Փաշինյանը նշել է, որ այս պատարագները «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայ Առաքելական եկեղեցու նորոգման» ծրագրի մի մասն են կազմում։
«Այսօրվա պատարագն ինձ համար հոգու և հոգևոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է»,- հայտարարել է նա։
Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հոկտեմբերի 26-ին մասնակցել էր Հովհաննավանքում մատուցված պատարագին, որը վարում էր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Պատարագը մատուցվել էր կառավարության անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և իշխանությունների կողմնակիցների ներկայությամբ։
Պատարագի ժամանակ վանքից դուրս էր տարվել մի տղամարդ, որը բղավել էր՝ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ վարել: Նույն օրն առավոտյան ոստիկանությունը ձերբակալել էր Արագածոտնի թեմի երկու վանահոր, ապա ազատ արձակել նրանց: Իրավաբան Արա Զոհրաբյանին և վանահայր Շնորհք Պալոյանին թույլ չէին տվել մոտենալ վանքին:





































