Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի պսակադրության արարողությունն իրականացրել է երկու ամսով կալանավորված Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Բաղդասարյանը նաև խնդրել է Աջապահյանին դառնալ իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ և՛ քավոր դառնալ, և՛ պսակ իրականացնել։
««Ցայգ»-ում աշխատելու ընթացքում Բաղդասարյանի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարծեցել է, որ հեղինակավոր հոգևորականին հյուրընկալելով՝ ռեյտինգ է բարձրացնում»,- գրում է թերթը։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել էր նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:




































