ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարական աշխատանքները: Որոշումը կայացվել է շինհրապարակի բարեկարգման և անվտանգության ապահովման համար, հայտնել են Հայաստանի ճարտարապետների պալատից՝ հղում անելով նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին:
Աշխատանքները կշարունակվեն միայն մասամբ ապամոնտաժված երեք մույթերի հատվածում, ընդ որում՝ զուգահեռաբար տեղի կունենան ինժեներական լուծումներին և հուշարձանի վերականգնման մեթոդաբանությանը վերաբերող մասնագիտական քննարկումներ:
Պալատից հայտարարել են մշտական մոնիթորինգի մասին՝ ԿԳՄՍ նախարարի, Ճարտարապետների պալատի ղեկավարի և նախագծի հեղինակային կոլեկտիվի ներկայացուցչի մասնակցությամբ։ Պալատից հիշեցրել են, որ հուշահամալիրի վերականգնման քննարկումներն սկսվել էին մասնագիտական և հասարակական միջավայրում հնչած քննադատության առաջին ալիքից հետո: Քննարկումները, ինչպես պնդում են պալատում, ընթանում են փակ ռեժիմով և ուղղված են բացառապես մասնագիտական միջավայրում ընդունելի լուծումներ գտնելուն:
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։
Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍՆ-ն մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։



































