Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի համատեքստում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Պուտինը վերահաստատել է պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման օգտին Ռուսաստանի անսասան դիրքորոշումը՝ միջազգային իրավական հիմքերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում իրադրության հետագա կայունացման մասին։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։ Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 3-ին համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել մահացածների մարմինները։






































