Վրաստանը չորս տարվա ընթացքում ականատես է դարձել հինգերորդ հեղափոխության փորձին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները չեն սպասի վեցերորդին, այլ կանեն ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի առաջինը կազմակերպել։ Ըստ նրա՝ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ էր մտնել նախագահական պալատ, եթե հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի ժամանակ հարձակումը հաջողեր։
Վրաստանի վարչապետը նաև հայտնել է նոր ձերբակալությունների մասին՝ կապված այդ օրը նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման հետ։
«Մենք այժմ շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենք հանցագործներին բացահայտելու համար։ Երկրով մեկ իրականացվում է հատուկ գործողություն, և նրանցից մի քանիսն այսօր կկալանավորվեն։ Նախագահական նստավայրի վրա հարձակմանը մասնակցած բազմաթիվ անձինք արդեն իսկ բացահայտվել են։ Ոմանք թաքնվում են բնակարաններում, իսկ մյուսները փախել են շրջաններ»,- «Ռուսթավի 2» հեռուստաալիքին ասել է Կոբախիձեն։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման գործով ձերբակալել է 13 անձի, ևս երկուսին դեռևս որոնում են։
Վրաստանի 64 քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 4-ի երեկոյան փորձել էին ներխուժել նախագահի պալատ՝ «իշխանությունը ժողովրդին» փոխանցելու նպատակով, տուժել էր 14 ոստիկան։ Ցուցարարների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաև իշխանությունը տապալելու հոդվածով։






































