Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն առգրավել է ընտրությունների օրը դիվերսիայի համար նախատեսված զենքեր և պայթուցիկներ, հայտարարել է ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Մաղրաձեի խոսքով՝ առգրավված զենքը ձեռք է բերվել ուկրաինական ռազմական ստորաբաժանման վրացի ներկայացուցչի հրամանով։
Շաբաթ օրը Վրաստանի 64 շրջաններում անցկացվել էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վերջին արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 81,6%-ն ամբողջ երկրում, իսկ կուսակցության քաղաքապետի թեկնածուները հաղթել են բոլոր ինքնակառավարվող քաղաքներում։
Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել, որը հանգեցրել է զանգվածային անկարգությունների։ Ցուցարարները սկզբում հավաքվել են Ազատության հրապարակում։ Նրանցից մի քանիսը շարժվել են դեպի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայր, քարեր նետել այնտեղ և կոտրել երկաթե ցանկապատերը։
Հատուկ ուժերը ցրել են ցուցարարներին՝ օգտագործելով պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Բախումների ժամանակ վիրավորվել են 6 ցուցարար և 21 անվտանգության աշխատակից։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկարգությունների մեջ մեղադրել է ԵՄ դեսպանին։ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցուցարարներին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործեր է հարուցել և կառավարությունը տապալելու կոչերի համար ձերբակալել ընդդիմության հինգ անդամի։






































