ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ և խոսել ռազմակավարական գործընկերության կարևորության մասին։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ամերիկացի և հայ ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։
«Կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ էր հյուրընկալել Փաշինյանին օգոստոսի 8-ին՝ խաղաղության ուղղությամբ համատեղ «նվաճումը միասին նշելու համար»։
«Ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ»,- հավելել է նա։
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին որպես արժեքավոր գործընկեր։ Նա շեշտել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները հիմնված են ամուր մշակութային կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական հնարավորությունների նկատմամբ փոխադարձ ձգտման վրա:
«Ուրախ ենք աջակցել Հայաստանի՝ էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների անվտանգության ամրապնդման ձգտմանը՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Թրամփի և Փաշինյանի կողմից ստորագրված ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերն այդ ընդհանուր նպատակներին հասնելու մեր ջանքերի հիմնաքարերն են»,- ասված Է ուղերձում:
Պետքարտուղարը նաև հավելել է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը «շարունակում է կառուցել իր ապագան որպես խաղաղության և աճի խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է ավելի փոխկապակցված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ունենալու իր հանձնառությունը»:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































