Տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցույց են իրականացրել՝ պահանջելով նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը, հաղորդում է Guardian-ը:
Նշվում է, որ բողոքի առիթ է դարձել դատախազի որոշումը՝ կոռուպցիայի գործի շրջանակներում կալանավորել Ստամբուլի Բայրամփաշա շրջանի քաղաքապետ Հասան Մութլունին: Դատարանն այդ հարցը քննարկելու է այսօր: Ընդդիմադիրները հայտարարում են, որ իշխանությունները նման ձերբակալություններով մեկուսացնում են դաշտն ընդդիմության առաջնորդներից:
Կիրակի օրն անցկացված հանրահավաքում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդներից Օզգյուր Օզելն ասել էր, որ կառավարությունը փորձում է պահպանել իշխանությունը՝ թուլացնելով ժողովրդավարական նորմերը և ճնշելով քննադատությունը՝ տեղական ընտրություններում ընդդիմության հաղթանակներից հետո մեկ տարվա ընթացքում։ Օզելը նաև կոչ է արել արտահերթ ընդհանուր ընտրությունների գնալ։
«Այս գործը քաղաքական է։ Մեղադրանքները կեղծ են։ Մեր ընկերներն անմեղ են։ Սա հեղաշրջում է՝ ապագա նախագահի և ապագա կառավարության դեմ»,- ասել է նա:
Ըստ Reuters-ի՝ Թուրքիայում վերջին մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում` 17 քաղաքապետ:
Թուրքիայում արդեն մի քանի օր է՝ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում:






































