Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին պայմանավորվել են տեխնիկական ուսումնասիրություններ իրականացնել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար, տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։
Կողմերի 6-րդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը, համաձայնել են արագացնել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման գործընթացը (Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար-AT)։
«Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև: Հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով»,- ընդգծել են ԱԳՆ-ից։
Պաշտոնական Երևանի և Անկարայի ներկայացուցիչները պայմանավորվել են ջանքեր գործադրել մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
2022-ից երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
2025-ի սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր Ռուբինյանի և Քըլըչի առաջիկա հանդիպումը, սեպտեմբերի 12-ին Քըլըչն այցելել էր Հայաստան։






































