Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Նրան հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
2022-ից երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանը և Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
2025-ի սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր Ռուբինյանի և Քըլըչի առաջիկա հանդիպումը։






































