ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
ԶԼՄ-ն ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացել է, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
Ավելի վաղ օրաթերթը գրել էր, որ Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից»։ Ավելի ուշ Պետրոսյանը հերքել էր «Հրապարակի» տեղեկությունները՝ դրանք անվանելով «անհեթեթ»։ Պետրոսյանը նշել էր, որ իր նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացել/հեռացվել են հիմնականում ընկերության այն բարձր ու միջին դասի պաշտոնյաները, ովքեր այլևս չէին կարող շարունակել «ոչինչ չանելով»,ովքեր սպասարկում էին կլանային ու օլիգարխիկ շահեր, ովքեր զբաղվում էին «հովանավորչությամբ»։
ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր հունիսի 18-ին: Նույն օրը կալանավորվել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԵ-ին աջակցող հայտարարությունից հետո: ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:






































