Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՀՀ իշխանություններից պահանջել և միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային դարձնել գերիների ազատման, արցախահայության վերադարձի հարցերը, հայտարարության տեքստը Արցախի անկախության հռչակման օրվան նվիրված հանրահավաքին ընթերցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Արցախի ԱԺ-ն ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվել են որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվել է ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։
Խորհրդարանը շեշտել է, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։
Հայտարարության մեջ նշվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձել է Արցախի պետականության սկիզբը։
«Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր, և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհրդարանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։
Նշվում է, որ Արցախի և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։
Արցախի խորհրդարանը նաև հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։
«Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք»,- հավելել են ԱԺ-ից։
Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու մասին։ Երկու երկրների ԱԳ նախարարները Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու դիմումն ստորագրել էին օգոստոսի 9-ին՝ Վաշինգտոնում, երբ նախաստորագրել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում։





































