Հարավային Կովկասի խնդիրները ոչ տարածաշրջանային պետություններին արտահանձնելը միայն կբարդացնի իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Նա ընդգծել է սահմանների պահպանման կարևորությունը, որոնց խախտումը, Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով, «կարող է աշխարհաքաղաքական մրցակցություն առաջացնել»։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահը X-ում գրել է, որ Թեհրանի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պետք է վերացվեն։ Նա շեշտել է, որ Իրանը կողմ է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը և երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։
Փեզեշքիանը հավաստիացրել է՝ Իրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և դրանք հասցնել ռազմավարական մակարդակի, ապա հավելել, որ երկու երկրների շահերը համընկնում են տարանցիկ երկաթուղու, ծովային և ցամաքային ուղիների զարգացման գործում։
Համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ երկու երկրների ներուժի իրացումը կարող է հանգեցնել սահմանային շուկաների զարգացմանը, առևտրի և ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը։ Փեզեշքիանը նաև մատնանշել է հայ և իրանցի ժողովուրդների ընդհանուր մշակութային արժեքները՝ ընդգծելով պոեզիայում Արարատ լեռան, Արաքս գետի և Իրանական դաշտավայրերի հաճախակի հիշատակումները։
Իրանի նախագահը, հայ իրանագետների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով, ասել է, որ «Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարող են հետագայում զարգացնել համագործակցությունը՝ հիմնված բարեկամության և խորը ընդհանուր արժեքների վրա»։
Փաշինյանն Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտնել էր, որ նրանք համաձայնել են հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վարչապետը նշել էր, որ Փեզեշքիանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը շեշտել են Հայաստանի և Իրանի միջև միջազգային սահմանների անձեռնմխելիության և անարգել հաղորդակցության կենսական նշանակությունը։ Փեզեշքիանը նախկինում մտահոգություն էր հայտնել «Թրամփի երթուղու» վերաբերյալ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան



































