Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին հայտնել է, որ պատրաստ է ընդունել Գազայի հատվածում հրադադարի վերջին առաջարկը՝ առանց փոփոխությունների, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Աշարք ալ-Աուսաթ» թերթի աղբյուրներին։
Նշվում է, որ շարժման պատվիրակությունը, որը գլխավորում էր այդ հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան, այս շաբաթ Կահիրեում կայացած հանդիպումների ժամանակ կատարցի և եգիպտացի միջնորդներին տեղեկացրել է վերջին առաջարկի քննարկումներին վերադառնալու իր որոշման մասին, որը նախատեսում էր 60-օրյա հրադադար, իսրայելական ուժերի վերատեղակայում և անկլավում պահվող 10 պատանդների ազատ արձակում։
Աղբյուրների համաձայն՝ միջնորդներին իր նոր դիրքորոշման մասին պաշտոնապես տեղեկացնելով՝ շարժումը, իբր, «հրաժարվել է զորքերի դուրսբերման, ինչպես նաև պաղեստինցի գերիների ազատ արձակման հետ կապված որոշ այլ հարցերից ու պահանջներից, որոնք առաջ էին քաշվել շարժման և դրա ռազմական թևի կողմից»։ Այսպիսով՝ ՀԱՄԱՍ-ը նախաձեռնությունն ամբողջությամբ հանձնում է Իսրայելին։
Աղբյուրները շեշտել են, որ շարժումն այս դիրքորոշումն ընդունել է, ամենայն հավանականությամբ, Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու և նրա բնակիչներին տեղահանելու ծրագիրը կանխելու անհրաժեշտությունից ելնելով։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Գազայում պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:





































