Ռուսաստանի Դաշնության Պետդումայում չեն բացառել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին սպասվելիք հանդիպմանը կարող են քննարկել Սյունիքով անցնող ճանապարհի հարցը։
«Ալյասկայում սպասվելիք հանդիպմանը կարող է քննարկվել «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Վոդոլացկին հստակեցրել է, որ հարցը լինելու է ՌԴ և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման օրակարգում։
Օգոստոսի 13-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան




































