Ազգային ժողովի (ԱԺ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ներկայացված ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների վերամշակված նախագծին։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube ալիքում։
Նախագիծը չի ընդգրկվել Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Նիստի ընթացքում չի հստակեցվել, թե որ քառօրյա նիստերի օրակարգում կքննարկեն հարցը։
Նախագծին կողմ է քվեարկել հանձնաժողովի չորս անդամ, դեմ՝ ոչ ոք, ձեռնպահ՝ երեքը, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հարցեր են բարձրացրել ոստիկանության լիազորությունների ընդլայնման, Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների և դրանց հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ։ Հարցերին պատասխանել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախագծի հեղինակներից ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ է դրել նոր կարգավորումների անհրաժեշտությունը՝ մատնանշելով, որ գործող օրենսդրությունն արդեն նախատեսում է ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմներ։
Նրա գնահատմամբ՝ փոփոխությունները կարող են ընդլայնել ոստիկանության միջամտությունն ընտանիքի ներքին կյանքին։ Ղազարյանը մտահոգություն է հայտնել, որ համայնքային ոստիկանության ծառայողը կարող է բավարար տեղեկություններ չունենալ ընտանիքի ներսում ձևավորված հարաբերությունների մասին՝ իրավիճակին միանշանակ գնահատական տալու համար։
Պատգամավորը նաև Բաթոյանից հետաքրքրվել է, թե արդյոք Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի նախաձեռնությունը չի կորցրել իր արդիականությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս անդրադառնում է նաև Երևանի երթևեկության խցանումներին։ Բաթոյանը պատասխանել է, որ նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը քննադատել է ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու համար նախատեսված «հիմնավոր ենթադրություն» ձևակերպումը՝ այն համարելով ոչ բավարար հստակ։ Ենգոյանի գնահատմամբ՝ նույն իրավիճակը տարբեր ոստիկաններ կարող են տարբեր կերպ գնահատել։
Պատգամավորը նաև դեմ է արտահայտվել ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների համար առանձին հանցակազմեր նախատեսելուն։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը կարող է առաջացնել ընդհանուր և հատուկ քրեաիրավական նորմերի մրցակցության խնդիրներ և դժվարացնել հանցագործությունների որակումը։
Ենգոյանը նաև ուշադրություն է հրավիրել քրեական պատասխանատվության տարիքի վերաբերյալ հնարավոր անհամապատասխանության վրա։ Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվող որոշ նոր հանցակազմեր ներառված չեն Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված այն հանցագործությունների ցանկում, որոնց համար պատասխանատվությունն առաջանում է 14 տարեկանից։
Սարգսյանն ընդունել է քրեական պատասխանատվության տարիքի վերաբերյալ դիտարկման հիմնավորվածությունը՝ հայտնելով, որ նախագծում հնարավոր է համապատասխան շտկում կատարել։
Միաժամանակ նախարարը չի համաձայնել, որ ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների համար առանձին հանցակազմերի նախատեսումը իրավական հակասություններ կառաջացնի։ Նրա պարզաբանմամբ՝ նման դեպքերում պետք է կիրառվի հատուկ քրեաիրավական նորմը։
Անդրադառնալով ոստիկանության հայեցողության վերաբերյալ մտահոգություններին՝ Սարգսյանը հայտնել է, որ նախատեսվում է ներդնել բռնության կրկնման կամ շարունակման վտանգի գնահատման գործիքակազմ։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարի հրամանով կսահմանվի միջազգային փորձի վրա հիմնված հարցաշար, որով ոստիկանները կգնահատեն բռնության վտանգը։ Նախարարը պարզաբանել է, որ ոստիկանության ծառայողը չի կարող միայն սեփական գնահատականի հիման վրա անհետաձգելի միջամտության որոշում կայացնել՝ առանց ռիսկերի գնահատման։
Սարգսյանը նաև հայտնել է, որ նախատեսվում է ոստիկանության որոշումների նկատմամբ գերատեսչական վերահսկողություն։ Դրանք հնարավոր կլինի վիճարկել դատարանում, իսկ ռիսկերի գնահատման վերաբերյալ տեղեկությունները կփոխանցվեն նախաքննական մարմնին։
Նախարարի գնահատմամբ՝ այս մեխանիզմները կնվազեցնեն ոստիկանության ծառայողների հայեցողության շրջանակը։
Հակոբյանը, օգոստոսի 17-ին առաջարկել էր ընտանեկան բռնությունը քրեականացնել որպես առանձին հանցագործություն։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ին հավանություն էր տվել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխություններին, իսկ Հակոբյանը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր «Ընդդեմ ընտանեկան բռնության» շարժման ստորագրահավաքի մեկնարկի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







