Ադրբեջանում դատարանը չորս ամսով կալանավորել է ՌԴ ութ քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանց անունները չեն նշվում։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում ռուսների մասնակցությամբ երկու կազմակերպված հանցավոր խումբ է վնասազերծվել: Կադրերում, որոնք հրապարակել են տեղական ԶԼՄ-ները, երևում է, որ ուժայինները կոպիտ են վարվել ռուսների նկատմամբ, նրանց ստիպել են կքանստած քայլել: Ըստ դատարանի դահլիճից արված լուսանկարի՝ տղամարդկանց դեմքին կապտուկներ և քերծվածքներ կան, իսկ հագուստի վրա արյան հետքեր են նկատվում:
Այսօր ավելի վաղ ՌԴ իրավապահները ձերբակալել էին Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկուն։ Երկու երկրներում այս գործողությունները տեղի են ունենում Եկատերինբուրգում 9-ը ադրբեջանցիների ձերբակալությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա էր հանձնել Ռուսաստանին: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և մյուսների՝ լուրջ վիրավորվելու մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի, ինչպես նաև մի Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք միջոցառումների չեղարկման մասին: Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված», որից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: