ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ պաշտոնական Երևանը հայտագիր է ներկայացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ ներքին գործերին «բացահայտ միջամտության» համար։
Ըստ նրա՝ անընդունելի կոչեր են հնչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապված իրավական գործողությունների վերաբերյալ։
Միրզոյանի փոխանցմամբ՝ նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել Ռուսաստանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն՝ մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է հասած լինի հասցեատիրոջը»,- նշել է Միրզոյանը:
Հիշեցնենք՝ «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը որոշ արտահայտություններ էր հնչեցրել Հայաստանի իշխանություններին հասցեին: «Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է իշխանության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությունը: Ինչո՞ւ է պատերազմ սկսել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու»,- ասել էր Սոլովյովը: