ՀՀ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունած որոշմամբ մերժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկել էին Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար։
Ընդդիմադիր խմբակցությունը հիմնավորել էր, որ այդ հոդվածի գործող կարգավորմամբ պատասխանատվություն է սահմանվել ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հերքելու համար, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց ցեղեասպանությանը, ինչը, ըստ «Հայաստան» դաշինքի, արդարացված չէ։
Կառավարությունը հիմնավոր չի համարել խմբակցության՝ Հայոց ցեղասպանությունը տարանջատելու մոտեցումը: Գործադիրը կարծում է՝ առաջարկվող փոփոխությունը նպատակահարմար չէ։
«Ելնելով ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության բնույթից՝ գտնում ենք, որ ցանկացած ցեղասպանություն ինքնին հանցագործություն է և պետք է արժանանա իրավական գնահատման միևնույն հարթության վրա՝ առանց մասնավորեցման և աստիճանակարգման։ Մարդկության պատմության մեջ հառացած այնպիսի «չարիքի» պայքարում, ինչպիսինն է ցեղասպանությունը, տարբերակված մոտեցում դրսևորելը ոչ միայն չարդարացված խտրական մոտեցման է հանգեցնում, այլ, ըստ էության, նման հանցակազմի որակյալ հատկանիշի սահմանումը վերածվում է քաղաքական գործընթացում օգտագործվող «գործիքի», որի նախատեսումն, անշուշտ, չի բխում քրեաիրավական գերնպատակների բովանդակությունից»,- ասված է կառավարության որոշման մեջ։
Նախագիծը խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։
Կարդացեք նաև`