Եվրամիությունը կվերանայի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտնել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ դաշինքի արտգործնախարարների «ճնշող մեծամասնությունը» կողմ է արտահայտվել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Իսրայելի հետ համաձայնագրի վերանայմանը: Կալլասը Գազայում իրավիճակն «աղետալի» է անվանել և ընդգծել, որ անկլավին օգնությունը «պետք է հասնի անմիջապես, առանց խոչընդոտների և անհրաժեշտ ծավալով»:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն, ելույթ ունենալով խորհրդարանում, ողջունել է ԵՄ որոշումը և հայտարարել, որ դաշինքի անդամ 27 պետություններից 17-ը կողմ են Իսրայելի հետ համաձայնագրի վերանայմանը:
Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 19-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան պատրաստակամություն էին հայտնել «կոնկրետ միջոցներ» ձեռնարկել Իսրայելի դեմ, եթե վերջինս չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և չվերացնի հումանիտար օգնության մատակարարումների սահմանափակումները:
Երեք երկրների ղեկավարները նաև հանձնառություն էին հայտնել «ճանաչել պաղեստինյան պետությունը»:
Մայիսի 18-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին: Բացի դրանից, Իսրայելը 2025 թվականի մարտից արգելափակում է հումանիտար օգնության մատակարարումները տվյալ շրջան: Մայիսի 20-ին Իսրայելը, 11 շաբաթ տևած շրջափակումից հետո, թույլ էր տվել մարդասիրական օգնություն տեղափոխող ՄԱԿ-ի հինգ բեռնատարի մուտքը Գազայի հատված։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։