Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով էին` երեկոյան 22։30-ից մինչև 04։30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են տեղի ունեցել»,- գրել է նա:
Ընդ որում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կրակահերթերը ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից էին:
«Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»,- շեշտել է նա:
Ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը երկու անգամ կրակել էր Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։ Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։