ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է 2021-2022 թվականների սահմանային լարվածությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում դիրքերի ամրապնդման մասին հաղորդագրությունները: Այդ նպատակով, ըստ լրագրողների, ադրբեջանցիները ծառեր են կտրել Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում, որի մի մասն այդ իրադարձություններից ի վեր՝ գտնվում է ադրբեջանական զինվորականների վերահսկողության տակ:
Նրա խոսքով՝ նման գործողությունները կապված են ամրաշինության և ինժեներական աշխատանքների հետ: Ասրյանը պարզաբանել է, որ դա, հավանաբար, վերաբերում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող արգելոցի մի հատվածին:
«Երբ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել՝ հատվում է։ Այնտեղ, որտեղ պետք է արհեստական ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով՝ իրականացվում է»,- հայտարարել է Գլխավոր շտաբի պետը:
Նա ընդգծել է, որ ավելի մեծ մտահոգությունը ծառահատումը կամ ինժեներական աշխատանքները չեն, այլ ադրբեջանական զորքերի ներկայությունը հայկական տարածքում։ Ամրաշինական աշխատանքների իրականացումն ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքն այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի։
«Մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով»,- հայտարարել է ԳՇ պետը:
Նա պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս են ադրբեջանական ուժերը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել իրենց դիրքերը Ջերմուկի շրջանում։ Ընդդիմության ներկայացուցիչները նախկինում բազմիցս հայտարարել էին, որ ընթանում են լայնածավալ ամրացման աշխատանքներ, ենթակառուցվածքային օբյեկտների կառուցում և ադրբեջանական բանակի դիրքերի ամրապնդում գրավված տարածքներում։
Ասրյանն, իր հերթին, հայտարարել է, որ ամրացման աշխատանքները կապված չեն սահմանազատման գործընթացի կամ զորքերի հնարավոր դուրսբերման հետ։
Մեկնաբանելով Հայաստանի կողմից նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների բացակայությունը՝ Գլխավոր շտաբի պետն առաջարկել է պարզաբանումներ ստանալ համապատասխան պետական մարմիններից։
«Բազմիցս հայտարարել եմ, ինչպես նաև գերատեսչության ղեկավարը և ՀՀ վարչապետը, որ սահմանազատման արդյունքում կաշխատենք վերականգնել ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը»,- նշել է նա։
Լրագրողները նաև հիշեցրել են Ասրյանին նրա՝ 2022 թվականի աշնանն արած հայտարարության մասին, երբ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններից հետո նա ասել էր, որ «Ադրբեջանի զինված ուժերն ստիպված կլինեն լքել ՀՀ տարածքը»։
Թե ինչո՞ւ հետ չգնացին ադրբեջանական զորքերը Ջերմուկի հատվածից, թեև խոստացել էր, Ասրյանը պատասխանել է, որ այդ պահին պետք էր այդպես ասել, բայց չի բարձրաձայնի՝ ինչու է ասել։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել էր գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
Հակառակորդի մի շարք խմբեր մխրճվել էին ՀՀ տարածք, իսկ ՀՀ ստորաբաժանումները որոշ ուղղություններով գտնվում էին հակառակորդի շփման գծից առաջ, հայտարարել էր Ասրյանը։ Նա պնդել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն չունենալով պայմաններ՝ կլքի ՀՀ տարածքը։




































