Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը չեղյալ է հայտարարել Նյու Յորքում բնակվող հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My sweet land) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ Ադրբեջանի ճնշման պատճառով, հաղորդում է Armenian Film Society-ն:
Ցուցադրությունը նախատեսված էր ապրիլի 24-ին, սակայն այն չեղյալ է հայտարարվել համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի կողմից: Հայկական կինոընկերությունը նշել է, որ ցուցադրությունը չեղարկվել է Լոս Անջելեսում ադրբեջանական հյուպատոսության ուղղակի ճնշումներից հետո, ինչպես նաև Բերկլիում ադրբեջանական ուսանողական խմբերի համաձայնեցված լոբբիստական ջանքերի պատճառով:
Ցուցադրության չեղարկումը սոցցանցերում վրդովմունքի ալիք է բարձրացրել. համալսարանի ուսանողներից շատերն իրենց ընկերներին և ընտանիքին կոչ են արել դիմել ուսումնական հաստատության ղեկավարությանը: Բերկլիի հայ ուսանողների ասոցիացիան (Cal ASA) հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով համալսարանի որոշումը:
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախի իր գյուղում: Տղան և նրա ընտանիքն ստիպված են լինում լքել տունը, երբ հակամարտությունը նորից բռնկվում է, բայց պատերազմում պարտվելուց հետո վերադառնում են ավերված հայրենիք։ Տղան բախվում է նոր, դաժան իրականության և պատրաստվում է ապագա մարտերին՝ փորձելով հաղթահարել իր հույսերի և վնասվածքների ծանրությունը, ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Deadline-ը 2024-ի նոյեբմերի 9-ին գրել էր, որ Հորդանանն, Ադրբեջանի ճնշման տակ, հետ է կանչել ֆիլմն «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգից։ Բաքուն հաստատել էր, որ Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ից հեռացրել են իր դիմումից հետո։