Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանությունը և հանցագործության զոհերի հիշատակի օրը միասնականություն պահպանել:
«Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք»,- գրել է նա սոցցանցերում։
Մարզիկը նշել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնումը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր, որը խլել է ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք:
Ապրիլի 22-ին ֆուտբոլիստը հայերին կոչ էր արել մասնակցել հաջորդը օրը կայանալիք ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։