Խոշոր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը պահանջել են լուծել դեպի Ռուսաստան արտադրանքի արտահանման խնդիրը, սակայն պատասխան են ստացել, որ ներկայումս դա անհնար է, հայտնել է «Հրապարակ» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ մայիսի 29-ին կայացած հանդիպմանը Պապոյանը ջերմոցների սեփականատերերին պատմել է պետական հնարավոր աջակցության ծրագրերի մասին: Սակայն գործարարները հայտարարել են, որ իրենց գլխավոր խնդիրն արտադրանքի իրացումն է. եվրոպական շուկա արտահանելու համար նրանք սերտիֆիկատներ չունեն, իսկ ռուսական շուկան փաստացի փակ է: Ուստի, նրանց կարծիքով, միակ լուծումը մնում է ՌԴ շուկա մուտքի վերականգնումը:
Ինչպես պնդել է թերթը, նախարարը պատասխանել է, որ ներկայումս դա անհնար է, ինչը հարուցել է հանդիպման մասնակիցների դժգոհությունը:
Ջերմոցների սեփականատերերը հիշեցրել են, որ բիզնեսում զգալի միջոցներ են ներդրել և այժմ վնասներ են կրում արտահանման սահմանափակումների պատճառով: Պարբերականի տվյալներով՝ հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ որոշումների:
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է «Հրապարակ»-ի հրապարակմանը և հայտարարել, որ տեղեկատվությունն այն մասին, թե ջերմոցների սեփականատերերը նախարարի մոտ «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը:
Վերջին ամիսներին Ռուսաստանը հետևողականորեն սահմանափակումներ է մտցնում հայկական արտահանման նկատմամբ: Միաժամանակ, ռուս պաշտոնյաները նախազգուշացնում են Երևանին հնարավոր տնտեսական արտոնությունների կորստի մասին՝ Եվրոպական միության հետ Հայաստանի հետագա մերձեցման դեպքում: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է սուբսիդիաներ և նոր ուղղություններ այն բիզնեսի համար, որը տուժել է ՌԴ սահմանափակումներից:





































