«Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում անցկացրել է քայլերթ և հանրահավաք։
Դաշինքի համակիրները «Սամվել, վարչապետ», «Փոփոխության համար՝ համար 3», «Փոփոխություններ լինելու են» վանկարկումներով Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից քայլերթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ։

Հանրապետության հրապարակում դաշինքի կողմնակիցները տեղադրել են մեծ գրքի տեսքով ինստալյացիա, որտեղ քաղաքացիները կարող են ստորագրել «Սաֆարովի նախադեպի կանխարգելման մասին» օրինագծի օգտին։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում առաջին որոշումներից մեկը լինելու է այս փաստաթղթի ընդունումը։ Օրինագիծը նախատեսում է արգելել Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում հողի և անշարժ գույքի վաճառքը, այդ թվում՝ շինարարական ընկերությունների միջոցով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանրահավաքի ընթացքում պատռել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» պետության կողմից տպված կոնցեպտը, որտեղ, ըստ նրա, ներկայացված է Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողությունների ծրագիր։

Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանում լինելու է առաջնորդ, որը երբեք չի թույլ տա նման զարգացումներ, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրերը ձախողվելու են։ Կարապետյանը կոչ է արել բոլորին մասնակցել Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ դրանք կայանալու են հունիսի 7-ին։ Նա հիշեցրել է նաև, որ չորս օրից Հայաստանի պատմության համար վճռորոշ օր է։

«Պետք է որոշենք՝ շարունակո՞ւմ ենք այսպես ապրել, շարունակո՞ւմ ենք թույլ լինել և թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե՞ կանգնում ենք, ամրացնում մեր մեջքը և սկսում զարգանալ»,- ասել է նա։
Հանրահավաքին ցուցադրվել է նաև դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տեսաուղերձը։ Նա ընդգծել է, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը կկայացնի տասնամյակների ընթացքում ամենակարևոր որոշումներից մեկը։
«Հունիսի 7-ին միասին պատմություն ենք կերտելու։ Պատմությունը հունիսի 7-ը կհիշի որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ 300 000 նոր աշխատատեղ Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա՝ կոչ անելով բոլորին լինել «փոփոխության մաս»։
Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանը կլինի պատվավոր հյուր Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված միջոցառմանը։
«Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին հստակ մեսիջ ուղարկել. մենք չենք նվաստանալու, մեր ղեկավարն արդեն ուժեղ է։ Փաշինյանին ուղարկելու ենք Ադրբեջան»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է ընտրություններից հետո հասարակության մեջ առաջացած պառակտումը, վախերը հաղթահարելու և եկեղեցին, ազգային արժեքներն ու ինքնությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Հանրահավաքի մասնակիցները հուզվել են ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ելույթի ժամանակ, երբ նա բեմից կատարել է Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմից հայտնի «Արշալույսը նոր էր բացվել» երգը։
«Սիրելի մայրեր, կներեք մեզ, որ թույլ ենք տվել, որպեսզի դուք տեսնեք ու զգաք այս խայտառակությունը։ Կներեք մեզ»,- ասել է ռեժիսորը և ծնկի իջել։




































