«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Սաֆարովի կանխարգելման օրենք» ընդունելու մտադրության մասին, որը կարգելի ադրբեջանցիներին հող և այլ անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում։
Ըստ Կարապետյանի՝ իր քաղաքական թիմի իշխանության գալու դեպքում այս օրենքի ընդունումը կլինի իրենց առաջին նախաձեռնությունը:
«Մեր կառավարության հենց առաջին նիստին կընդունենք երկրի համար կենսական նշանակություն ունեցող օրենք, որն անվանել ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»»,- հայտարարել է նա։
Կարապետյանը պարզաբանել է, որ այս նախաձեռնությամբ կարգելվի Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանի տարածքում անշարժ գույք գնել կամ հող նվեր ստանալ։ Դաշինքի առաջնորդը հիշեցրել է, որ իր թիմն արդեն ներկայացրել է մի շարք տնտեսական ծրագրեր, այդ թվում՝ 300 000 աշխատատեղի ստեղծում, զբոսաշրջության ոլորտում 1 մլրդ դոլարի ներդրում և աջակցություն՝ փոքր բիզնեսին, սակայն այս ամենը կարող է վտանգվել անվտանգային խնդիրների պատճառով։
«Եթե չկարողանանք կանխել Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) և Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) կողմից պլանավորված 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, մեր բոլոր տնտեսական ծրագրերը կդառնան անիրագործելի, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու նրանց։ Որքան էլ փորձենք զարգացնել տնտեսությունը, եթե չլուծենք այս գլխավոր խնդիրը, մնացած ամեն ինչ արժեքազրկվելու է»,- ընդգծել է նա։
Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, շարունակելով ներկայացնել նախաձեռնությունը, նշել է, որ «Սաֆարովի կանխարգելման» կամ «Ատելության կանխարգելման» օրենսդրական փաթեթով ընդլայնվելու են Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանված հողի սեփականության իրավունքի սահմանափակման մեխանիզմները՝ ներառելով ցանկացած տեսակի անշարժ գույք։ Արգելքը տարածվելու է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա, այդ թվում՝ այն դեպքերում, երբ խոսքը քողարկված իրական շահառուների մասին է։
Վարդևանյանն օրենքի անհրաժեշտությունը բացատրել է Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությամբ՝ օրինակ բերելով Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում, կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Հունգարական դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նա անմիջապես ներում էր և զինվորական կոչման բարձրացում, բնակարան և դրամական վճարներ էր ստացել Ալիևի կողմից։
«Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ հերոսացվում է էթնիկ հողի վրա սպանություն կատարած անձը»,- նշել է նա։
Վարդևանյանը նաև պարզաբանել է, որ Հայաստանի գործող Սահմանադրությունն արդեն իսկ նախատեսում է օտարերկրացիների՝ հողի սեփականության իրավունքի սահմանափակումներ, սակայն նոր նախաձեռնությունն առաջարկում է ընդլայնել այդ մեխանիզմները և դրանք տարածել անշարժ գույքի բոլոր տեսակների վրա։
Նրա խոսքով՝ երբ հարևան պետությունը «խաղաղության» քողի ներքո խրախուսում է նման հանցագործությունները, Հայաստանը պարտավոր է ներդնել կոշտ օրենսդրական երաշխիքներ։
«Այս փաթեթը բխում է Հայաստանի անվտանգային առաջնահերթություններից և երաշխիք կլինի մեր քաղաքացիների անվտանգության ու սեփականության իրավունքի պաշտպանության համար»,- ընդգծել է նա։
Իրավաբան Գոհար Մելոյանն, իր հերթին, հավելել է, որ չնայած խաղաղության մասին հայտարարություններին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում կոպտորեն խախտված է տարածքային ամբողջականությունը։
«Հայաստանի չորս մարզում այս պահին առկա է ադրբեջանական զինված ներկայություն։ Ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռացվել մեր տարածքներից, այլև օդում կախված է մնում, այսպես կոչված, «անկլավների» հարցը, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար»,- նշել է Մելոյանը։
Ալիևը 2024 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարել էր, որ շուրջ 300 000 ադրբեջանցի Հայաստան «վերադառնալու» և «վերաբնակվելու» խնդրանքով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը։ Այս հայտարարությունից հետո միջպետական իրավակարգի խոսույթում մշտապես շրջանառվել էր այս տեղեկությունները։ Փաշինյանը հայտարարել էր, որ իր իշխանավարման ժամանակահատվածում ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու։
Կարդացեք նաև՝
Եվրոպայում չկարողացան Սաֆարովից հային պաշտպանել, այստեղ ո՞նց են պաշտպանելու
Չորրորդ երեխայի համար՝ 2 մլն դրամ, 5-րդի՝ բնակարան․ «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը
Պետք է հանել թակարդից. Կարապետյանը՝ սոցիալապես անապահովներին աջակցելու մասին



































