Պարսից ծոցում տեղի են ունեցել բախումներ ԱՄՆ-ի և Իրանի ուժերի միջև, հայտնել է Reuters-ը։
Գործակալությունը մարտական գործողությունները գնահատել է որպես ամենամեծն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատումից ի վեր։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը հարվածել է Իրանի հետ կապված երկու նավի՝ արգելելով դրանց մուտքն իրանական նավահանգիստ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնելիս ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ականակիր հարձակման է ենթարկվել, որից հետո ԱՄՆ զինված ուժերը պատասխանել են կրակին։ Թրամփը նաև պնդել է, որ չնայած իրավիճակի սրմանը՝ երկու կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է և պահպանվում է։
Գործակալության կողմից մեջբերված իրանական լրատվամիջոցների համաձայն՝ մայիսի 8-ին Հորմուզի նեղուցում տեղի են ունեցել իրանական ուժերի և ամերիկյան նավերի միջև պարբերաբար բախումներ։
Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական նավթատար նավի և մեկ այլ նավի, ինչպես նաև ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու քաղաքացիական և մոտակա ափամերձ տարածքներին։ Իրանի ուժերը պատասխանել են նեղուցից արևելք և Չաբահար նավահանգստից հարավ գտնվող ամերիկյան ռազմանավերի վրա հարձակումներով։
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ իրանական հարվածները «նշանակալի վնաս» են հասցրել, սակայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր օբյեկտները չեն վնասվել: Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ մայիսի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից նեղուցի մոտ գտնվող ջրերում իրանական առևտրային նավին հարվածելուց հետո անձնակազմի մեկ անդամ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել, 4-ը՝ անհետ կորել: Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
«Ամեն անգամ, երբ սեղանին դիվանագիտական լուծում է լինում, Միացյալ Նահանգներն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրություն»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Արաբական Միացյալ Էմիրությունները նաև հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը մայիսի 8-ին որսացել են Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք, որի հետևանքով երեք մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։




































