Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Ըստ հրապարակման՝ անցումը խառը համակարգի հիմնավորում են խորհրդարանի դերն ամրապնդելու և այնտեղ իշխող կուսակցության մեծամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Բարեփոխումների շրջանակում առաջարկվում է նաև ներդնել միամանդատ ընտրակարգ։
Կիսանախագահական համակարգի անցնելու հարցը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էին «Թուրքական ժողովրդավարության հիմնադրամի» ներկայացուցիչները։
Պաշտոնական Անկարան հրապարակումը դեռ չի մեկնաբանել։ Էրդողանն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ անիմաստ է համարում նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու շուրջ քննարկումները։
Թուրքիան նախագահական կառավարման համակարգի էր անցել 2018 թվականին՝ 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո։






































