«Տաշիր Կապիտալը» կբողոքարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցի մերժումը։ Ընկերության ներկայացուցիչներ, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը և փաստաբան Արամ Օրբելյանը գործընթացը որակում են որպես քաղաքական ուղղորդված ճնշում «Տաշիր ընկերությունների» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ղազինյանի և Օրբելյանի մամուլի ասուլիսը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկել էր 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ: Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկել էր ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը՝ հայտարարելով այդ քայլը հիմնավորող ապացույցների բացակայության մասին։ Դատարանը մարտի 27-ին մերժել էր հայցը։
Դատարանի որոշումն ու ՀԷՑ-ի շուրջ գործընթացի նպատակը
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դատարանի արձանագրած հանգամանքները փաստում են ՀԷՑ-ի շուրջ իրականացվող ճնշումների գործընթացի մասին՝ ընկերությունը խլելու նպատակով։ Ղազինյանի խոսքով՝ գործընթացն ուղղված է «Տաշիր» խմբի ղեկավար Կարապետյանի վրա ճնշում գործադրելուն և այն քաղաքական նպատակներով օգտագործելուն։ Ղազինյանը, հղում անելով դատարանի որոշմանը, հայտարարել է, որ այն փաստում է ՀԷՑ-ի շուրջ գործընթացի քաղաքական լինելը։
Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ փաստացի հերքվել են ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին իշխանության դրույթները։
«Փոքրիկ խմբակն այս դեպքում 100%-ով պարտվել է, որովհետև մեր կողմից օրինակներ բերելուց, հիմնավորելուց, ապացուցելուց ու ջախջախելուց բացի դատարանը նույնպես ֆիքսեց այդ ամենը։ Կարծում եմ՝ Հայաստանում չկա մեկը, որը կկասկածի գործընթացի՝ քաղաքական լինելու մեջ»,- հավելել է Ղազինյանը։
Նա անդրադարձել է պաշտոնյաներին, որոնք հրապարակային մեղադրանքներ են հնչեցրել ընկերության նախկին ղեկավարության հասցեին ու վերագրել են գոյություն չունեցող խախտումներ, այդ թվում՝ «գումարներ փոշիացնելու մասին»։
«Այդ մարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Կարապետյանից։ Երբ տղամարդը սխալվում է, ենթադրվում է՝ պետք է ներողություն խնդրի, ինչը նորմալ է։ Ընդամենը ժողովուրդը կհասկանա, որ իրենք խաբել են կամ, մեղմ ասած, չեն իմացել»,- շեշտել է Ղազինյանը։
Ինչպե՞ս ՀԷՑ-ի շուրջ գործընթացը կազդի Հայաստանում ներդրումների վրա
Ղազինյանն անդրադարձել է նաև այն պաշտոնյաներին, որոնք հրապարակային մեղադրանքներ են հնչեցրել ընկերության նախկին ղեկավարության հասցեին՝ վերագրելով գոյություն չունեցող խախտումներ, այդ թվում՝ «գումարների փոշիացման» վերաբերյալ։ Նա կոչ է արել վերջիններիս հրապարակայնորեն ընդունել սխալը:
«Եթե միլիարդանոց ընկերությունը, կոպիտ ասած, խլում են, չեմ կարծում, որ աշխարհում լինի որևէ կորպորացիա, ընկերություն կամ պետություն, որը կփորձի ներդրում կատարել, քանի դեռ այդ երկրում քաղաքական իշխանությունը չի փոխվել և բիզնեսի համար ազատ միջավայր չի ստեղծվել»,- հավելել է նա։
Ընկերության ներկայացուցիչները, պատասխանելով Armenia Today-ի հարցին, հայտարարել են ՀԷՑ-ի շուրջ գործընթացի՝ ներդրումների վրա բացասական ազդեցության փաստի մասին։ Ըստ Ղազինյանի՝ դա խարխլում է ներդրողների վստահությունը։
Արբիտրաժի ռիսկերը և ներդրումային միջավայրը
Միևնույն ժամանակ՝ նա իրատեսական չի համարել «երկրորդ ՀԷՑ»-ի ստեղծման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ շուկան Հայաստանում այնքան փոքր է, որ նման ներդրումը պարզապես չի արդարանա։
«Սա հեռահաղորդակցության ոլորտ չէ, որտեղ կարելի է ունենալ երկրորդ կամ երրորդ օպերատոր։ ՀԷՑ-ի պարագայում նման սցենարը, իմ գնահատմամբ, իրական չէ»,- ասել է Ղազինյանը։
Armenia Today-ի հարցին պատասխանելով՝ Օրբելյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակն ունի երկու հիմնական բացասական հետևանք, որոնցից առաջինը միջազգային արբիտրաժն է՝ ՀԷՑ-ի գործով:
«Ստոկհոլմի ներդրումային արբիտրաժում քննվող գործով պարտվելու դեպքում ՀՀ-ն պետք է 500 մլն դոլարից ավելի վճարի»,- տեղեկացրել է փաստաբանը։
Որպես երկրորդ հետևանք՝ Օրբելյանը նշել է ներդրումային միջավայրի վրա արդեն իսկ նկատվող բացասական ազդեցությունը։
«Մեր գրասենյակի միջոցով շփվում ենք տարբեր միջազգային ներդրողների հետ՝ եվրոպական, ամերիկյան, չինական, ճապոնական, իրանական։ Եվ բոլորի մոտ կա նույն մտահոգությունը՝ եթե հնարավոր է բիզնեսը վերցնել ազգությամբ կամ քաղաքական պատկանելությամբ պայմանավորված, ապա վաղը կարող են նույնն անել ցանկացածի հետ։ Սա ներդրումների պաշտպանվածության մակարդակի կտրուկ անկում է»,- շեշտել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ այդ հետևանքը ոչ թե տեսական է, այլ կան ներդրումների վրա ազդեցության հստակ դեպքեր։
«Կան դեպքեր, երբ ներդրումային ծրագրերի շրջանակում հարցաշարերում առանձին կետ է դարձել ներդրումների պաշտպանությունը՝ ՀԷՑ-ի դեպքի հղումով»,- հավելել է փաստաբանը։
Էներգետիկ շուկայի մրցակցությունը և հեռանկարները
Օրբելյանի խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան շարժվում է աստիճանական ազատականացման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՏՄ տրամաբանության, այնպես էլ գլոբալ միտումների շրջանակներում: Նա նշել է, որ խոշոր սպառողներն արդեն կարող են էլեկտրաէներգիա գնել անմիջապես արտադրողներից՝ ՀԷՑ-ին վճարելով միայն հաղորդման ծառայությունների դիմաց: Ընդ որում՝ ամբողջական ազատականացումը դեռ չի ավարտվել։ Հեռանկարում, նրա գնահատմամբ, 10-20 տարի հետո շուկան կարող է ավելի բաց դառնալ, ինչը թույլ կտա սպառողներին սակագնային մրցակցության պայմաններում ընտրել մատակարարին։
Ընդ որում՝ խոսքը բաշխման ենթակառուցվածքում մրցակցության մասին չէ, որը մնում է բնական մենաշնորհ։ Օրբելյանն ընդգծել է, որ ընթացիկ միտումներն ուղղված են ոչ թե ենթակառուցվածքների կրկնօրինակման հաշվին ներքին մրցակցության ստեղծմանը, այլ ենթատարածաշրջանային ինտեգրմանը, որը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել էներգետիկ հոսքերը:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը 2025-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Նոյեմբերին, սակայն, ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
Այժմ կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ի հետագա աշխատանքի երկու սցենար՝ ազգայնացում և սեփականաշնորհում: Երկու դեպքում էլ իշխանությունները «ռազմավարական ներկայություն» կունենան ընկերության կառավարման մեջ։ Ավելի ուշ դատարանը մինչև մայիսի 25-ը հետաձգել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետական վերահսկողության տակ անցնելու գործով բանակցությունները: Մինչև այդ օրը կշարունակվի բանակցային փուլը, որից հետո կարող է սկսվել ընկերությունը գերակա հանրային շահի օբյեկտ ճանաչելու գործընթաց:
Կարդացեք նաև՝
Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր Կապիտալի» ներկայացրած հայցը





































